Մատչելի հղումներ

Հայաստանը շարունակում է հանդիսանալ տարածաշրջանային առաջատարը՝ լրատվամիջոցների ազատության գծով. RSF


Reporters Without Borders-ի զեկույց
Reporters Without Borders-ի զեկույց

Երրորդ տարին անընդմեջ տպավորիչ առաջընթաց գրանցելով լրատվամիջոցների ազատության գծով՝ Հայաստանը շարունակում է հանդիսանալ տարածաշրջանային առաջատարը:

Երրորդ տարին անընդմեջ տպավորիչ առաջընթաց գրանցելով լրատվամիջոցների ազատության գծով՝ Հայաստանը շարունակում է հանդիսանալ տարածաշրջանային առաջատարը՝ առաջ լինելով իր բոլոր հարևաններից, Եվրամիության անդամ մի շարք պետություններից, իսկ հետխորրդային երկրների շարքում զիջելով միայն բալթյան երեք երկրներին ու Մոլդովային։

Փարիզում գործով հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters San Frontiers) կազմակերպության այսօր հրապարակած «Աշխարհում լրատվամիջոցների ազատության ինդեքսի» (2024 World Press Freedom Index) ամենամյա զեկույցի համաձայն, Հայաստանը 6 միավորով բարելավել է իր դիրքերը և 180 երկրների շարքում զբաղեցրել է 43-րդ հգորիզոնականը՝ նախորդ տարվա 49-րդի փոխարեն։

Նշենք, որ 2021 թվականին Հայաստանը 63-րդ հորիզոնականում էր, 2022 թվականին՝ 51-րդ։ Հենց այդ տարի էլ՝ 2022 թվականին, մամուլի ազատության գծով Հայաստանը առաջ անցավ Վրաստանից՝ զբաղեցնելով տարածաշրջանի առաջատարի դիրքերը և երրորդ տարին անընդմեջ պահում է այն։

Այս տարվա ինդեքսի համաձայն, Վրաստանը զբաղեցրել է 103-րդ տեղը՝ կտրուկ անկում գրանցելով անցած տարվա 77-րդ հորիզոնականից։ Թուրքիան՝ 158-րդ տեղը՝ նախորդ տարվա 165-րդ հորիզոնականի փոխարեն։ Անկարան, փաստորեն, բարելավել է իր ցուցանիշները։ Ադրբեջանը՝ 164-րդ տեղում է՝ նախորդ տարվա 151-րդ հորիզոնականի փոխարեն։ Բաքուն անկում է գրանցել։ Եվ Հայաստանի հարևաններից ամենից վատ ցուցանիշն ունի Իրանը՝ այս տարի զբաղեցրել է 176-րդ տեղը՝ 180 երկրների շարքում, նախորդ տարվա 177-րդ հորիզոնականի փոխարեն։

Ինչպես ասացինք, հետխորհրդային երկրների շարքում Հայաստանից առաջ են միայն Էստոնիան, Լատվիան, Լիտվան ու Մոլդովան, թեև վերջինիս պարագայում երկու միավորով հետընթաց կա․ այս տարի Քիշնևը 31-րդ տեղում է՝ նախորդ տարվա 28-րդ հորիզոնականի փոխարեն։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը փաստում է՝ իր ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Եվրամիության 9 անդամ-երկրից` Իտալիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Հունգարիայից, Մալթայից և Հունաստանից։

«Չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվել է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման շարունակվող սպառնալիքի հետ կապված։ Սոցիալական մեդիան, որ ամեն օր հասանելի է բնակչության երկու երրորդին, տեղեկատվության հիմնական աղբյուրն է: 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ: Այնուամենայնիվ,հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են հիմնական քաղաքական և տնտեսական շահերի հետ, շարունակում է ճնշումների ենթարկվել՝ իրենց խմբագրական քաղաքականության պատճառով»,- կարդում ենք Հայաստանի մասին «Լրագրողներ առանց սահմանների» այս տարվա զեկույցում։

Այս տարվա զեկույցի համաձայն, աշխարհում լրատվամիջոցների ազատության գծով առաջատար պետությունների եռյակն է՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան։ Վերջին հորիզոնականում է Էրիթրեան։ Ռուսաստանը 162-րդ հորիզոնականում է, ուր, ըստ կազմակերպության, ճաղերի հետևում են 34 լրագրողներ և մեդիա ոլորոտի 4 աշխատակիցներ։

XS
SM
MD
LG